Մատչելիության հղումներ

Թուրքիան մեկ տարով երկարաձգեց Աղդամի մոնիտորինգի կենտրոնի իր զինվորականների մանդատը


Թուրքիան նոյեմբերի 17-ից մեկ տարով կերկարաձգի Ադրբեջանում տեղակայված իր զինվորականների մանդատը․ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն է երեկ հավանություն տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նոյեմբերի 13-ին ներկայացրած օրինագծին։

Ըստ թուրքական Anadolu գործակալության՝ փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ նախատեսված աշխատանքները շարունակվում են, Աղդամում գործող ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը «հաջողությամբ շարունակվում է»։

Ըստ օրինագծի՝ «Թուրքիան այս կենտրոնի միջոցով օգնում է ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և ամրապնդել կողմերի միջև վստահությունը»։

«Չնայած Ադրբեջանի կողմից սեպտեմբերին ձեռնարկված հակաահաբեկչական գործողությանը, հարցը վերջնականապես լուծված չէ, քանի որ հակամարտող կողմերի միջև խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել։ Թուրքիան, որը գործընթացի հենց սկզբից աջակցել է Ադրբեջանին, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր բոլոր իրավունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականությունը, շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման և ամրապնդման գործում, ինչպես նաև դրան նպաստող տնտեսական ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը», - ասված է փաստաթղթում։

44-օրյա պատերազմից հետո Անկարայի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Աղդամում տեղակայվել է ռուս - թուրքական դիտորդական կենտրոն, որի նպատակը, ինչպես նշվում է, Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելն է։ Այդ կենտրոնի գործունեությամբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան փաստացի առաջին ռազմական ներկայությունն ապահովեց Հարավային Կովկասում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG