Մատչելիության հղումներ

Եթե սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի, հանրությունն այդ մասին կտեղեկանա. ԱԳ փոխնախարար


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի և այն գրավոր արձանագրվի, հանրությունն այդ մասին կտեղեկանա, խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաձայնեցվել են սահմանազատման սկզբունքները:

«Մենք մեր դիրքորոշումը հանրայնացրել ենք, աշխատանքները ընթացքի մեջ են, քննարկումներ կան, դրանց մասին կլինեն համապատասխան հայտարարություններ և հանրությունը կտեղեկացվի, երբ լինեն ձեռք բերված վերջնական պայմանավորվածություններ», - ասաց Կոստանյանը:

Տավուշի մարզի ու Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերը վերադարձնելու մասին Բաքուն հրապարակային խոսում է հունվարից: Իսկ արդեն սահմանազատման հանձնաժողովների վերջին նիստից հետո ադրբեջանական կողմն ուղիղ պահանջ է ներկայացրել՝ անհապաղ վերադարձնել դրանք: Երևանը չի ընդդիմանում և դա ներկայացնում է որպես հյուսիսային սահմանից սահմանազատման մեկնարկ: «Ազատություն»-ը փոխնախարարից հետաքրքրվեց՝ այդ դեպքում ի՞նչ է խոչընդոտում, որ գործընթացը տեղից շարժվի:

«Հայաստանը հայտարարում է, որ պատրաստակամ է դելիմիտացիայի գործընթացն իրականացնել Ալմա-Աթիի հռչակագրի, համապատասխան քարտեզների հիման վրա՝ վերականգնելու 1991 թվականի սահմանագիծը: Համաձայնություն ձեռք բերվելու պարագայում դա գրավոր արտացոլանք կունենա ու դրա մասին կլինի, բնականաբար, համապատասխան հանրային կոմունիկացիա», - նշեց Վահան Կոստանյանը:

Բաքուն սահմանազատման համար կոնկրետ թվականի քարտեզ չի նշում. արդյոք ադրբեջանական կողմը հրաժարվում է հիմք ընդունել նաև Ալմա-Աթիի հռչակագիրը՝ փոխնախարարը չհստակեցրեց: Ավելի վաղ արտաքին գործերի նախարարն էր ասել, որ այդ փաստաթղթին հղումը Ադրբեջանը հեռացնում է խաղաղության պայմանագրի տեքստից: Մինչդեռ երեկ նախագահ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ հեռախոսազրույցում վստահեցրել էր, թե Ադրբեջանը հավատարիմ է Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությանը: Հենց այնտեղ են Երևանն ու Բաքուն համաձայնել սահմանազատման համար հիմք ընդունել Ալմա-Աթիի հռչակագիրը:

«Հավատարիմ են, թե՝ ոչ, ես արդեն իսկ նշեցի՝ ադրբեջանական կողմը պետք է համաձայնվի նաև այդ պայմանավորվածությունները, մասնավորապես այն, որ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա՝ հիմնվելով Ալմա Աթիի հռչակագրի վրա, թղթի վրա արձանագրենք: Ավելին մեկնաբանել չեմ կարող», - ասաց փոխարտգործնախարարը:

Երեկ էլ փոխվարչապետի գրասենյակից էին «Ազատության»-ը հայտնել, որ սահմանազատման հանձնաժողովներն առանցքային հարցերում կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Բաքվի ցանկությունն է, որ սահմանազատման համար իրավական հիմքեր չարձանագրվեն

Եթե սկզբունքները դեռ համաձայնեցված չեն՝ ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, թե սահմանազատման գործընթացը պետք է սկսել հենց Տավուշից՝ ադրբեջանական տարածքներ վերադարձնելով, տարակուսում է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորը: Քրիստինե Վարդանյանը, որը նաև խաղաղության պայմանագրի տեքստին է ծանոթ, կարծում է՝ Ադրբեջանի ցանկությունն է, որ սահմանազատման համար իրավական հիմքեր չարձանագրվեն։

«Դա եղել է մի պարզ տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը չի ուզում ֆիքսել գիծ, որից առաջ ինքը չի կարող այլևս անցնել, Ադրբեջանը պնդում է, որ սահմանի ամեն հատված պիտի քննարկվի առանձին, հատվածական սահմանազատում ու սահմանագծում տեղի ունենա», - նշեց Վարդանյանը:

Ընդդիմադիր պատգամավորը համարում է՝ Բաքվի հենց այս պահանջն է բավարարում Նիկոլ Փաշինյանը, երբ առանց հիմքերը համաձայնեցնելու հայտարարում է սահմանազատման պատրաստակամության մասին: Սա, ըստ Քրիստինե Վարդանյանի, հակասում է նաև միջազգային լավագույն փորձին: Կարծում է՝ սահմանազատման համար հիմք պետք է լինի ոչ թե Ալմա-Աթիի հռչակագիրը, այլ կոնկրետ քարտեզ: Իսկ դրա բացակայության պայմաններում Երևանն, ըստ պատգամավորի, կգնա զիջումների:

«Մենք ունենք Սյունիքից զորքերի միակողմանի հետքաշման նախադեպը, ինչո՞ւ պիտի բացառենք, որ Տավուշում նույնը կարող է տեղի ունենալ: Այսինքն կասկածը ոչ թե հիմնված է վերլուծության վրա, այլ հիմնված է անցնող երեք տարիների պրակտիկայի հիման վրա», - ասաց նա:

Հայաստանի վարչապետը զգուշացնում է Ադրբեջանի պահանջած գյուղերը չվերադարձնելու դեպքում պատերազմ կլինի: Իսկ որ Բաքուն զորքերը հետ կքաշի հայկական օկուպացված տարածքներից երաշխիք, ըստ Նիկոլ Փաշինյանի, չկա:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG