Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյանի կալանքը երկարաձգվեց եւս երկու ամսով


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը այսօր որոշեց եւս երկու ամսով երկարաձգել Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն շարժման» նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանը շուրջ երկու ժամ խորհրդակցական սենյակում անցկացնելուց հետո որոշեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության վարչության պետի տեղակալ Տոնոյանի համապատասխան միջնորդությունը:

Դատավոր Ներսիսյանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ նախաքննության օբյեկտիվությունն ու լրիվությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել մի շարք քննչական գործողություններ, որոնց կատարման համար պահանջվում է երկու ամիս ժամանակ, «իսկ ազատության մեջ մնալով մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք»:

Արզումանյանի կալանքի հերթական երկամսյա ժամկետը լրանում էր սեպտեմբերի 7-ին, եւ դատարանի այս որոշմամբ այն կերկարաձգվի մինչեւ նոյեմբերի 7-ը:

Կալանքը երկարացնելու համար քննչական խումբը ներկայացնում է այն հիմնավորումը, թե մոսկվաբնակ հայազգի գործարար Սաշիկ Աղազարյանը հաստատել է, որ ինքն է Արզումանյանին գումար փոխանցել, եւ քննչական խումբը միջնորդել է Ռուսաստանի Դաշնության դատախազությանը` պարզել Աղազարյանի հայտարարության իսկությունը, ապա հարցաքննություններ, առերեսումներ անցկացնել, պարզել Աղազարյանի եկամուտների օրինականությունը, ինչպես նաեւ` թե որքանով է նա կատարել իր հարկային պարտավորությունները:

Արզումանյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «ապօրինի եւ զավեշտալի» որակեց այս հիմնավորումը: Փաստաբանը հիշեցրեց, որ ըստ Ալեքսանդր Արզումանյանին առաջադրված մեղադրանքի` նա եւ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը 2007 թվականի ապրիլի 24-26-ը համաձայնության են եկել հետախուզման մեջ գտնվող մոսկվահայ գործարար Լեւոն Մարկոսի հետ` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու վերաբերյալ, իսկ Աղազարյանի անունը առհասարակ հիշատակված չէ:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է դատարանի այսօրվա որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչպես նաեւ բողոքարկել առաջադրված մեղադրանքը:

Ալեքսանդր Արզումանյանը կալանվել է մայիսի 7-ին: Նրա կողմնակիցները պնդում են, թե Արզումանյանը քրեական հետապնդումների է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG